2019 թ. սեպտեմբերի 11-ին Երևանում Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանի երևանյան մասնաճյուղի դահլիճում կայացած «Աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին» խորագրով գիտաժողովին` նվիրված պատերազմի սկզբի 80-ամյակին, մասնակցեցին ինստիտուտի փոխտնօրեն, պ․գ․դ․, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը և առաջատար գիտաշխատող, պ․գ․դ․, պրոֆեսոր Վալերի Թունյանը:
Գիտաժողովի կազմակերպիչներն էին Հայաստանում ՌԴ դեսպանատունը, Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը,«Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորում ՀԿ-ն»։ Գիտաժողովին ներկա էին և ելույթներով հանդես եկան ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևը, Բելառուսի Հանրապետության դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան, ինչպես նաեւ ճանաչված գիտնականներ, պատմաբաններ, քաղաքական, հասարակական գործիչներ, ուսանողներ, մագիստրանտներ և այլք:
Գիտաժողովի հիմնական զեկուցողներն էին Կ․ Խաչատրյանը և Վ․ Թունյանը, որոնք պլենար նիստում հանդես եկան ուշագրավ զեկուցումներով։ Ներկայացնելով հիմնախնդիրը, նրանք առանձնապես շեշտեցին, որ անթույլատրելի է պատմական անժխտելի փաստերի վերաշարադրումն ու խեղաթյուրումը քաղաքական ինչ ինչ շահերից և նպատակներից ելնելով։ Անդրադարձան ոչ վաղ անցյալի պատմական իրադարձություններից դասեր քաղելու անհրաժեշտությանը՝ համաշխարհային նոր աղետներից խուսափելու համար։
Գիտաժողովում զեկուցումներով հանդես եկան պատմաբան մասնագետներ նաև ԵՊՀ-ից, ՀՊՄՀ-ից, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից և այլն։ Տեղի ունեցավ մտքերի հետաքրքիր փոխանակում և քննարկում։
Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://arm.rs.gov.ru/ru/news/53913